Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում ուշագրավ դիտարկումներ ներկայացրեց հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության վերաբերյալ:

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ռուսական զինվորական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի զինվորական հագուստն ու այլ իրերը եղել են դեպքի վայրում՝ Ավետիսյանների բնակարանում: «Մամուլից տեղյակ ենք, որ հանցագործություն կատարելիս անձը թողել է իր որոշակի իրեր: Գոյություն ունի քրեագիտություն՝ криминология, որտեղ գոյություն ունի հանցագործության նման տեսակ՝ оставление визитной карточки` «այցեքարտը թողնելը». երբ հանցագործը հանցագործություն է կատարում, և իր կողմից «այցեքարտ» թողնում, օրինակ՝ որոշակի իրեր: Հանցագործության վայրում թողնելով «այցեքարտ»՝ ինքը ցանկանում է շեշտադրել, որ ինքն է կատարել այդ հանցագործությունը:

Սա դասվում է այն հանցագործությունների շարքին, երբ դիտավորյալ կատարվում է որոշակի արարք՝ անպայման իր անձը շեշտադրելու համար: Հարցի պատասխանը, թե ինչ տիպի հանցագործություն է կատարվել, մենք կստանայինք համապատասխան դատահոգեբանական փորձաքննություն կատարելուց հետո: Բայց քանի որ տվյալ անձը չի գտնվում ՀՀ քննիչների տիրապետության տակ, այդ իսկ պատճառով ես չեմ պատկերացնում, թե ինչպես են իրենք ցանկանում կատարել այս քննչական գործողությունները: Չկատարելը, բնական է, կբերի բացասական հետևանքների»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: