Հունվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Հայոց Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական կազմը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ, զորամասերի հոգևոր սպասավորներ և զինվորներ:
Վրթանես Սրբազանն իր քարոզում հանգամանորեն անդրադարձավ Բանակի օրվա խորհրդին: «…Քրիստոնեությունն ընդունելուց ի վեր, երբ հայոց արքան, զորքն ու ամբողջ ազգը մկրտվեցին Արածանիի ակունքներում, հայ զինվորը մարտի էր գնում մկրտված, մեղքերի թողություն և Ս. Հաղորդություն ստացած` պատրաստ կռվելու մինչև վերջ և կյանքը զոհաբերելու հավատի, հայրենիքի և ազգի ապագայի համար: Աստված ազգերին կամք է շնորհ անում` ունենալու բանակ, պետականություն և եկեղեցի, եթե ազգերն իրենց գիտակցության մեջ ունենում են սրբության գաղափար: Նման ազգերին առիթ է ընձեռվում կերտելու նվիրական արժեքներ` համաձայն Աստվածային կամքի, ինչպես որ եղավ հայոց ժամանակակից բանակի կայացման պարագայում: Նվիրյալ հայորդիների ջանքերով, որ մարտնչում էին իբրև շարքային զինվոր ու աշխարհազոր, և Եկեղեցու օրհնությամբ` բազում կորուստներով ու անպատմելի հաղթանակներով կայացավ մեր բանակը, որն ամբողջ հայ ազգի համար դարձավ մի տեսակ տապան, որ փրկեց ու պաշտպանեց հայրենիքը պատերազմի արհավիրքներից ու նենգ թշնամուց:
Նորաստեղծ բանակն Աստված վերօրհնեց հաղթանակներով: Բազում նվիրյալների արյամբ շաղախվեց վերածնունդի շաղախը, որը միավորեց հայությանը` Մայր Հայաստանում ու Արցախում: Նորաստեղծ մեր բանակը կանգնեց այդ հողի և վերջինիս արդար մշակի պաշտպանության դիրքերում, բազում մարտեր մղեց և ամեն անգամ մարտի դաշտից դուրս եկավ հաղթանակած` եռագույնն ու Տիրոջ խաչը վեր պարզած: Սա վկայություն էր համայն աշխարհին, որ հայ հողի համար պայքարողը հրեշտականման հայ զինվորն է, ով մարտի է բռնվում` լի առ Աստված հավատով և հայրենիքի հանդեպ տածած որդիական պարտքի խորը զգացումով: Հայրերից ժառանգած հավատը, ուժն ու կորովը, հայրենիքի հանդեպ ունենցած սերը շարունակում են արգելք լինել նահանջի ճամփին, արգելք` պարտության առաջ, պարտադրելով չլսված հաղթանակներ, որոնք պետք է իրենց արժանի տեղն ունենան ռազմարվեստի պատմության դասագրքերում: Դրանք պետք է ավելացնեն այն հերոսապատումները, որոնցով հայ մանուկը սնվում է դեռևս մայրական գրկում ու մեծանում:
Այո՛, Հայկի ամրոցի, Արամի տան, քաջարի արմենների ու նրանց ներկայիս հետնորդների մասին ազգերը հիացումով են խոսում: Երբեմն կանոնավոր բանակով, երբեմն աշխարհազորով, երբեմն փոքրիկ ջոկատներով կամ էլ ֆիդայական շարժումներով կարողացել ենք պաշտպանել մեր հայրենի հողը, Մայր եկեղեցին, մեր լեզուն ու պատիվը: Բոլոր այն զինվորները, ում երկրային կյանքն ավարտվել է հենց մարտի դաշտում, պահապան հրեշտակների ուղեկցությամբ միացել են երկնային զորքերին, որպես հաղթանակած եկեղեցի, իրենց մարտը շարունակելու աներևույթ մարտադաշտում ու չարի դեմ պայքարը հասցնելու տեսլական ավարտին ու փառքին», - մասնավորապես նշեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը: Իր խոսքում Սրբազանն անդրադարձավ նաև հայ ազգի նվիրյալ մարտիկների մարտիրոսությանը` առ Աստված աղոթք հայցելով, որ մարտի դաշտում և անկայուն խաղաղության ընթացքում թշնամու դավադիր գնդակից ընկած հայ զինվորների շիրիմներին երկնային խաղաղությունն իջնի, և Բարձրյալի ամենափրկիչ Աջը միշտ սատար լինի Հայոց Բանակին ու հայ զինվորին` անառիկ պահելու Հայոց աշխարհի սահմանները:
Ս. Պատարագի ընթացքում հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ ներկաներն աղոթք բարձրացրեցին Հայրենիքի և Հայոց Բանակի անսասանության համար:
Պատարագի Սրբազան արարողության ավարտին կատարվեց նաև հոգեհանգստյան կարգ` Հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր քաջարի զինվորների համար:
Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ նաև պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքի և օրհնության խոսքը բերեց ներկաներին` հրավիրելով ամենքին աղոթք բարձրացնել առ Աստված զինծառայողների համար, ովքեր երբեմն իրենց կյանքի գնով անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները: Վեհափառ Հայրապետը ՀՀ զինված ուժերի սպասավորներին մաղթեց հաջողություններ իրենց դժվարին ծառայության մեջ և, որ Տերը հաղթական պահի հայ զինվորի բազուկը՝ ի փառս մեր ժողովրդի: Ներկաներին իր օրհնության խոսքը հղեց նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ով մասնավորապես ընդգծեց, որ բանակը մեր լուսեղեն ապագայի երաշխիքն է, դարեդար Հայոց Եկեղեցին և Հայոց Բանակը գործել են միահամուռ՝ ուս-ուսի տված, և հենց դրանում էլ կայանում է մեր ազգի հզորությունը:
Իր խոսքում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց Հայոց Եկեղեցուն և նրա սպասավորներին մշտապես բանակի կողքին լինելու համար: Նախարարը նշեց, որ շարքային զինվորից մինչև հրամանատար հայրենիքի սահմանները պաշտպանելիս գործում են անձնվիրաբար:
Այնուհետև, ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Հայրապետական Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրեց գեներալ-մայորներ Կամո Քոչունցին, Անդրանիկ Մակարյանին, Իշխան Մաթևոսյանին, Արմեն Ղահրամանյանին և գնդապետ Գևորգ Մելքոնյանին:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով զինծառայողների հոգևոր դաստիարակության գործում ներդրած զգալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը պարգևատրվեցին «Անդրանիկ Օզանյան» մեդալով: