«Հարթակ» թերթը զրուցել է հայտնի ու սիրված երգչուհի, «Հայաստանի ձայնը» շոուի մարզիչ Սոնայի հետ:

- Սոնա, Bad Boys Blue խմբի մենակատար Քեվին Մաքկոյի հետ Do What You Do երգի տեսահոլավակը ջերմությամբ ընդունվեց հայ հանդիսատեսի կողմից: Կեվինը Ձեզ անվանեց աշխարահահռչակ ու հզոր ձայնով Սոնա: Իսկ ի՞նչ տվեց Ձեզ այդ համագործակցությունը:

- Շատ ուրախ եմ ու երջանիկ, որ Քեվինի հետ մեր զուգերգը կայացավ: Մենք բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստանում: Քեվին Մաքկոյի պրոդյուսերը՝ Իգոր Սենգերը, առաջարկեց «DO WHAT YOU DO» երգի դեմո տարբերակը: Այն դիսկո ոճի մեջ էր: Այդ ոճում երգելն ինձ համար էքսպերեմենտ էր, առաջին անգամ էր ու ես քաջություն ունեցա ընտրել հենց այդ կատարումը: Շատ շնորհակալ եմ Հայկոյին, ում ձայնագրության ստուդիայում ձայնագրեցի ձայնս և ուղարկեցի Գերմանիա: Չէի կարող անձամբ գնալ, որովհետև «Հայաստանի ձայնը» շոուն ընթացքի մեջ էր, ես էլ մարզիչներից մեկն էի: Տպավորված եմ Քեվինով, նա շատ տաղանդավոր, պրոֆեսիոնալ երաժիշտ է, նաև կոմպոզիտոր: Եվ որ անչափ կարևոր է ինձ համար՝ նա հզոր էներգետիկա ունի: Այս միասնական աշխատանքը նոր թափով ստեղծագործելու ուժ տվեց ինձ:

- Այս օրերին, երբ մեր երկիրը խռովություն է ապրում՝ կապված Գյումրիի ողբերգական դեպքերի հետ, ի՞նչ եք զգում Դուք:

- Ես ողբում եմ անմեղ զոհերի համար: Մեր ժողովուրդը, մանավանդ գյումրեցիները, ովքեր ինձ համար շատ թանկ մարդիկ են, ապրում են ծանր ժամանակներ: 21-րդ դարն է, բայց, ցավոք սրտի, նախանձը, իշխանամոլությունը, փողը ինչպես եղել, այդպես էլ շարունակում են մնալ ամենամեծ մեղքերից, որոնք ավերել և ոտնակոխ են արել ամեն ինչ իրենց ճանապարհին: Երևի շատերին դուր չի գալիս, որ Ռուսաստանն ու Հայաստանը եղել ու շարունակում են մնալ բարեկամական ու իրար հասկացող երկրներ: Մեր ժողովուրդներին միացնում է ընդհանուր պատմությունը: Այդպես եղել է, այդպես կա. հուսով եմ, որ այդպես կլինի միշտ: Հազար ափսոս, որ քաղաքականացված, փառամոլ, ոչ առողջ մարդկանց պատճառով զոհվում են անմեղ մարդիկ ամբողջ աշխարհում, մանավանդ՝ անմեղ փոքրիկներ: Ուզում եմ հավատալ, որ մեր ժողովուրդն իմաստուն կգտնվի, իսկ այս ոճրագործության պատճառ հանդիսացող ճշմարտությունն էլ անպայման կբացահայտվի: Մեղավորները կդատվեն ինչպես մարդկային, այնպես էլ Աստծո դատաստանով: Իսկ մենք՝ ժողովուրդներս, պետք է լինենք միասին՝ ուրախության և ցավի պահին:

- Կարո՞ղ է այս ողբերգությունը սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Եթե Ձեր ռուսազգի կոլեգաները հանկարծ փորձեն Ձեր ներկայությամբ արդարացնել ոճրագործին, ինչպիսի՞ն կլինի Ձեր ռեակցիան:

- Իմ ռուսազգի կոլեգաները սգում ու դատապարտում են այս ոճրագործությունը: Համենայն դեպս, ճանաչելով ինձ և իմանալով, որ ես շատ էմոցիոնալ մարդ եմ և արդարությունն է իմ դեվիզը, չեմ կարծում, որ կլինի մեկը, ով կարող է արդարացնել այդ մարդասպանին կամ թե սխալ արտահայտվել այս ամենի վերաբերյալ: Ամեն ազգի մեջ էլ կան մեծատառով մարդիկ և նրանք ովքեր իրավունք չունեն մարդ կոչվելու: Մարդկանց պետք են մարդիկ:

- Ինչպե՞ս եք նայում այն փաստին, որ արվեստագետ Շուշան Պետրոսյանը պատգամավոր է: Եթե Դուք շանս ունենայիք, կդառնայի՞ք պատգամավոր:

- Ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ Շուշան Պետրոսյանը պատգամավոր է: Դա հեշտ գործ չէ: Կարևորը՝ գոհ լինեն մարդիկ, ժողովուրդը, ովքեր ընտրել են նրան: Ժողովրդի ընտրյալ լինելը մեծ պատասխանատվություն է, որը պետք է արդարացնել: Ինչ վերաբերում է ինձ՝ երբեք չեմ մտածել այդ մասին: Ինձ համար կարևոր չէ լինել պատգամավոր, թե ոչ, ինձ համար կարևոր է ապրել հանուն սիրո և առողջ գաղափարի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: