Հունվարի 28-ը պետականորեն համարվում է Հայոց փառապանծ բանակի կազմավորման օրը․
1991թ. դեկտեմբերի 5-ին, հանրապետության նախագահի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որն արդեն լինելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ` կամավորականների մեծ մասի սիրված հրամանատարն էր:
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Այսպես, մինչ այս պահն ստեղծված ռազմական կամավորական միավորումներն աստիճանաբար անցան ՊՆ-ի ղեկավարության ներքո՝ վերածվելով կենտրոնական հրամանատարության ղեկավարությամբ գործող հզոր և կազմակերպված բանակի։
1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
Հայոց բանակի ստեղծումը հրամայական պահանջեր, որը պետք է ապահովեր ԼՂ-ի բնակչության արդարացի կամքի իրագործումը, ՀՀ-ի և ԼՂՀ-ի բնակչության անվտանգությունը։ Ստեղծվելով նման դժվարին պայմաններում՝ Հայոց բանակը մկրտվեց բազմաթիվ հաղթանակներով․ ազատագրվեց ԼՂ-ը իր հարակից շրջաններով հանդերձ, Ադրբեջանին պարտադրվեց զինադադար խնդրել, որն էլ ստորագրվեց 1994 թ-ի մայիսի 5-ին՝ ուժի մեջ մտնելով մայիսի 12-ին։
Ստեղծված «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում արդեն շուրջ 21 տարի Հայոց հաղթական բանակն ապացուցում է, որ կարող է դիմակայել ադրբեջանական ցանկացած ագրեսիայի և տալ արժանի հակահարված։
Հաճախ հնչում են անտեղի շահարկումներ կապված սահմանային լարված դրության հետ, թե ինչու՞ ՀՀ-ը չի դիմում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը /ՀԱՊԿ, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ է 1992-ի մայիսի 15-ից/ ակնկալելով Պայմանագրի Հոդված 4-ում նախատեսված ռազմական և այլ անհրաժեշտ օգնությունը, սակայն նույն մարդիկ մոռանում են, որ ԼՂՀ-ն դե յուրե ՀՀ կազմի մեջ չի մտնում, իսկ դե ֆակտո՝ անկախ պետություն է, մոռանում են, որ մենք ունենք փառապանծ բանակ, որը ցանկացած պարագայում պատրաստ է ապարովել մեր երկրի սահմանների անվտանգությունը, և ցանկացած սադրանքների տալ արժանի հակահարված։
Ինչ վերաբերում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ Մինսկի խմբի վերաբերյալ հաճախ հնչեցվող բացասական կարծիքներին․ ակնհայտ է որ ստեղծվելով 1992-ին՝ Մինսկի խումբը հսկայական աշխատանք է կատարել հարցի խաղաղ կարգավորման համար, սակայն հակառակորդը միշտ վերջին պահին ձախողել է արդեն ավարտական փուլ մտած բանակցությունները, օգտվելով այն հանգամանքից, որ ԵԱՀԿ շրջանակներում որոշումները կայացվում են կոնսեսուսային տարբերակով /բոլոր կողմերի համաձայնությամբ/։ Երբեմն մոռանում ենք նաև, որ ԵԱՀԿ որոշումներն ունեն քաղաքական, բայց ոչ երբեք իրավական ուժ։
Անհարկի են նաև ԱԳՆ նկատմամբ հաճախ հնչող քննադատությունները, և վերջապես չպետք է մոռանալ հայտնի խոսքերը․ «ԵՐԲ ՀՐԱՆՈԹՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է»։ Ասածս կնշանակի, որ չպետք է երբեք աչքաթող անենք դիվանագիտությունը, բայց մեր երկրի անձեռնմխելիության հիմնական երաշխիքը հանդիսանում է ՀԱՅՈՑ ՓԱՌԱՊԱՆԾ ԲԱՆԱԿԸ։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅ ԱԶԳ․․․
Վահե Մոսինյան-Facebook