Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանն ասաց, որ ՍԴ-ն հերթական անգամ կանաչ լույս վառեց քրեական աշխարհի ներկայացուցիչների առջև:

«ՍԴ-ն իր կողմնորոշումը չփոխեց, շարունակեց մնալ գործադիր մարմնի կցորդը»,-իր խոսքում նշեց Ռուբեն Հակոբյանը:

Վերջինս պատասխանելով YerevanNews.am-ի այն հարցին, թե երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ավագանու ընտրություններին մասնակցում են «Բարև Երևան» դաշինքով, որի մեջ մտնում է նաև «Հասկ» կուսակցությունը, սակայն պարզվում է, որ «Հասկ»-ը ներկայացված չէ այդ ցուցակում, ասաց.

«Ես զրուցել եմ կուսակցության ղեկավարի հետ, դրանք ուղղակի թյուրիմացություններ են եղել» և հավելեց, որ «Հասկ»-ը եղել է առաջին կուսակցությունը, որը սատարել է  Րաֆֆի Հովհաննիսյանին ու կարծիք հայտնեց, որ առաջիկայում «Հասկ»-ի ղեկավարությունը կհրապարակի իր դիրքորոշումը:

 Զարուհի Փոստանջյանն էլ խոսելով ավագանու ցուցակից, ասաց, որ դրա մեկ երրորդը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են: