ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հունվարի 30-ին ընդունել է կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ տնտեսվարողների, որոնք գործունեություն են ծավալում հագուստի և ոսկու տոնավաճառներում:
Տնտեսվարողները ՀԽ նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերն ու մի շարք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում իրենք հնարավորություն կունենան շահեկան պայմաններում աշխատելու:
Քննարկանը ներկա է եղել նաև Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Վերջինս հայտնել է, որ դեռևս նախորդ տարի, երբ օրենքը նոր էր ընդունվել, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվել են օրենքի հետ կապված մտահոգություններն ու հնարավոր զարգացումները և ընդգծվել է տնտեսվարողներին ընտրության հնարավորություն տալու անհրաժեշտությունը:
Հանրային խորհրդի նախագահի հանձնարարությամբ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը նույն օրը գումարել է նիստ՝ ևս մեկ անգամ քննարկելու փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները՝ ներառելով նաև տնտեսվարողների առաջարկները:
Հանձնաժողովի նիստում որոշվել է, որ պետք է.
- Տնտեսվարողներին հնարավորություն ընձեռել կամավորության սկզբունքով ընտրելու շրջանառության հարկի տոկոսադրույքները. այն տնտեսվարողները, որոնք կարող են ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, կարող են օգտվել 1 տոկոս շրջանառության հարկ վճարելուց, իսկ որոնք չեն կարող, նրանց համար սահմանել 3,5 տոկոս:
- ՓՄՁ-ների գործառույթի սահմանման շեմը բարձրացնել 58.350 միլիոն դրամից մինչև 100 միլիոն և ավելի դրամի:
- Նախատեսել հարկահավաքման հաստատագրված վճարի տարբերակը:
- Հնարավորինս սահմանափակել հարկային տեսուչների մուտքը ՓՄՁ տնտեսվարողների գործունեության տարածքներ:
- Հսկողություն սահմանել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում ամրագրված դրույթի իրականացմանը, ըստ որի առևտրային գոտու սահմանային վարձավճարները չեն կարող գերազանցել ձեռներեցների շրանառության 1.5 տոկոսի սահմանը: