Սանկտ Պետերբուրգում հաճախորդի և սրճարանի սեփականատիրոջ միջև վիճաբանությունն ավարտվել է հրաձգությամբ: Հաճախորդն ու սրճարանի սեփականատերը սպանվել են, հայտնում է kurs-ն։

Սրճարանը գտնվում է քաղաքի ծայրամասում, և ոստիկաններն այժմ ճշտում են, թե որքանո՞վ է օրինական եղել դրա գործունեությունը:

Համաձայն տվյալների՝ հաճախորդները դժգոհել են սպասարկման որակից: Սեփականատերն իր հերթին դժգոհել է որոշ հյուրերի պահվածքից:

Ցանկանալով վիճաբանության մեջ առավելություն ստանալ՝ հաճախորդներից մեկն ատրճանակ է հանել: Պարզվել է, որ զինված է նաև սրճարանի ղեկավարը:

Հաղորդվում է, որ սրճարանի այցելուն Վրաստանի քաղաքացի է եղել: Հենց նա է առաջինը կրակել սրճարանի՝ ՀՀ քաղաքացի տիրոջ վրա: Վիրավոր հայն էլ հասցրել է պատասխան հարվածը հասցնել վրացուն: Բժիշկները մի քանի ժամ պայքարել են սրճարանի տիրոջ կյանքի համար, սակայն փրկել չեն կարողացել, հայտնում է informing-ը։