«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ ձերբակալվել է աղմկահարույց պատմություններով հայտնի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտ: Չնայած պաշտոնապես հրապարակվել է, որ վերջինիս ձերբակալել են հարկերի վճարումից խուսափելու համար, սակայն չի բացառվում, որ նրան փորձում են պատժել:
Նախ՝ պաշտոնական
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության՝ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձեռնարկատիրություն), 38-205-րդ հոդվածի 1-ին մասով` (հարկ վճարելուց խուսափելը), 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Ֆիմլը և նրա հետևանքները
2014թ. պատգամավորը նկարահանեց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Հիշողություն» ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա 2015թ. փետրվարի 10-ին: Սակայն նրա ստեղծագործական միտքը միանշանակ չընդունվեց հանրության կողմից, և հնչեցին բազմաթիվ քննադատություններ, նույնիսկ քննադատեցին նրանք, ովքեր անգամ ներկա չէին եղել ֆիլմի նկարահանմանը: Այս փաստը չէր ընկճել պատգամավորին, և վերջինս, ի հեճուկս շատերի, «սպառնաց» չտրվել քննադատություններին և նոր ֆիլմ նկարահանել, որն էլ կպատմի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին:
Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել էր. «Սցենարի 70 տոկոսը պատրաստ է, մենք ունենք 30 տոկոս աշխատանքներ, որ ավարտենք»: Ինչպես նկատում ենք՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և պատգամավորին կալանավորեցին և այն էլ ապօրինի ձեռնարկատիրության, հարկային պարտավորությունները չկատարելու կասկածանքով, ինչը, մեղմ ասած, զարմանքի տեղիք է տալիս: Արդյո՞ք ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կամ հարկային պարտավորությունները չկատարելն այն հանցանքն է, որ նախկին պատգամավորին կալանքի տակ պահելով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրությանը վտանգավոր հանցագործից է փորձում ազատել: Թերևս պատճառը պատգամավորի՝ հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմը կարող է լինել, որն, իսկապես, լուրջ վտանգ կարող է պարունակել իր մեջ: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ մեկուսացնեն նրան ու «դաստիարակեն», որպեսզի ՀՀԿ-ական նախկին պատգամավորը դադարեցնի ռեժիսորական գործունեությունը: Թե չէ 7 դրվագով արված տնտեսական հանցանքի մեղադրանքով դժվար թե Հակոբյանին ճաղերի հետև ուղարկեին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: