Փետրվարի 3-ին Դամասկոսի Ալ-Ասադի Ազգային գրադարանի սրահում տեղի ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի` «Ականատեսների հուշերը Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում» արաբերեն լեզվով գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հանձնաժողովը` Սիրիայի մշակույթի նախարար Իսաամ ալ-Խալիլի հովանավորությամբ:

Միջոցառմանը ներկա էին Սիրիայի մշակույթի նախարար Իսամ ալ-Խալիլը, Սիրիայի նախագահի խորհրդական Մուհսեն Բիլալը, Սիրիայի ազգային առաջադիմական ճակատի անդամ, Սոցիալիստների միության գլխավոր քարտուղար Ահմադ ալ-Ահմադը, Սիրիայի նախկին վարչապետ Մուհամմադ Մուսթաֆա Միրոն, արտաքին գործերի նախարարի տեղակալ Այման Սուսանին, Սիրիայի Ժողովրդական ժողովի բազմաթիվ անդամներ, դիվանագետներ, աշիրաթապետեր, Սիրիայի քրիստոնեական համայնքների առաջնորդներ, ինչպես նաև սիրիահայ համայնքի և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ ելույթներ, որոնցում անդրադարձ կատարվեց գրքի բովանդակությանը, ինչպես նաև շեշտվեց աշխատության կարևորությունը արաբական աշխարհում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում:

Շնորհանդեսը լայնորեն լուսաբանվեց Սիրիայի զանգվածային լրատվական միջոցների կողմից: Այդ կապակցությամբ ՀՀ դեսպանը բազմաթիվ հարցազրույցներ տվեց Սիրիայում հավատարմագրված արաբական ԶԼՄ-ներին: