2015թ-ի սահմանային լարվածության արմատները գալիս են 2014թ-ից, որի ընթացքում հակառակորդն աննախադեպ չափով է խախտել հրադադարի ռեժիմը: Այսօր լրագրողերի հետ հանդիպմանն այս մասին խոսեց Պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Նախարարի խորհրդականը ասաց, թե Ադրբեջանը ամբողջ տարվա ընթացքում, չկարողանալով շտկել հուլիս-օգոստոսին ունեցած արդյունքները, պլանավորեց դրանք շարունակել հունվարին:

«Այսինքն՝ դրանք ուղղված էին նախորդ տարվա անհաջողություններին: Պարզ է, որ սա շանտաժի քաղաքականություն է և ռեվանշիստական նպատակներ ունի խնդրի լուծման հարցում: Նա չի ուզում որևէ բան զիջել ու ստանալ առավելագույնը: Դա բանակցային սեղանի շուրջ հնարավոր չէ»,- ասաց նա:

Խորհրդականը ասաց, թե այն դեպքում, եթե Ադրբեջանը շարունակի այս քաղաքականությունը, միշտ կարժանանա հակազդման: Հետագա լարումից խուսափելու միակ միջոցը նախագահների հանդիպումն է, որը ցանկանում են կազմակերպել Մինսկի խմբի համանախագահները: Բայց պետք է նշել, որ Ալիևը միշտ սեղանից հեռանալուց հետո այլ վարքագիծ է ընդունում:

Ադրբեջանը մեծ միջոցներ է ծախսում բանակի սպառազինման համար և փորձում է հավատացնել իր հասարակությանը, որ փոխվել է ուժերի հարաբերակցությունը և նա կարող է լուծել հարցը ռազմական ճանապարհով:

Գեղամ Հարությունյանն ընդգծեց, որ առաջին գծի ստորաբաժանումները զգոն են ու կդիմագրավեն ցանկացած ոտնձգություն: