Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության բոլոր մեղավորները արժանի պատիժ են ստանալու: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց Պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Գեղամ Հարությունյանի խոսքերով՝ կատարվածը հանգամանորեն է քննվելու և համապատասխան մարդիկ քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության են ենթարկվելու:

«Ամբողջ ինստիտուտի ղեկավարության, դասախոսական և սպայական կազմի վրա է ընկնում նաև բարոյականության պատասխանատվության բեռը: Սա հասկանալի է բոլորին: Հիմա կապված ինստիտուտի հետ՝ ուրիշ դեպքերում մենք բողոքում ենք, որ պաշտոնյաների երեխաները չեն ընտրում զինվորական դառնալու մասնագիտությունը եւ առհասարական կուրսանտ դիմելու սոցիալական կազմն ուսումնասիրելով՝ այն չէ, ինչ դուք եք ասում: Իհարկե, գործում կա պետի տեղակալի որդի, սա ոչ ոք չի հերքում: Բայց այս ինստիտուտը անգործ չէ, տալիս է սահմանը պաշտպանող զինվորականներ, հենց օրինակ՝ Զորիկ Գեւորգյանը, Հայկ Խալաթյանը»,- ասաց Գեղամ Հարությունյանը: