Փետվարի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
Հանդիպմանը քննարկվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2014թ. դեկտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրման հարցեր։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, խորը մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջերս սրված իրադրության կապակցությամբ, վերահաստատեց ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
Հանդիպմանն անդրադարձ արվեց գարնանը նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։