Սահմանին իրավիճակը լարված է: Այգեպար և Պառավաքար գյուղերի գյուղապետները հրաժարվեցին որևէ ինֆորմացի փոխանցելոց՝ անվտանգության պայմաններից ելնելով:
YerevanNews.am-ի թղթակիցը խոսել է բնակիչների հետ:
Բնակիչները հաստատել են, որ վիճակը լարված է, թշնամին շարունակում է կրակել: Գիշերը թշնամու թիրախում են եղել Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար ու Մովսես գյուղերը: Չնայած Պառավաքարի բնակիչները ևս չեն կարողացել քնել թշնամու կրակոցների ձայներից: Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչներից մեկը պատմեց, որ թշնամու կրակոցից պայթել է գազի խողովակ, ու հրդեհ է բռնկվել: Թշնամին լկտիաբար կրակում է տների ուղղությամբ:
Բնակիչները, անվտանգությունից ելնելով, դուրս չեն գալիս բնակարաններից: Կրակոցներն այնքան ուժգին են, որ հեռախոսից անգամ լսելի են գնդակոծության ձայները:
Պառավաքարի փոքրիկ բնակիչ Էրիկն էլ մեր թղթակցին ասել է, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, սակայն ամբողջ գիշեր լսել է կրակոցի ձայներ ու չի կարողացել քնել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան զոհվել է Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր գյուղի բնակիչներից մեկը՝ ադրբեջանական զինուժի կրակոցներից: Գնդակոծությունը սկսվել է փետրվարի 5-ին երեկոյան: