Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Փետրվարի 6-ին` ժամը 12 :40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգել է ստացվել, որ Նորքի 9-րդ զանգվածի 17 շենքի թիվ 102 բնակարանում մարդ են սպանում, իսկ ժամը 13։15-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ իրենց մոտ են տեղափոխվել 1969 թվականի ծնված Անահիտ Խաչատրյանը և 2011 թվականի ծնված աղջիկ երեխա՝ «պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 -104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 6-րդ կետերի և 235-րդ հատկանիշներով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Խաչատրյանի ամուսինը նույն օրը գնացել է նշված բնակարան, որտեղ Ա. Խաչատրյանը որպես դայակ խնամելիս է եղել նույն տան բնակիչ, 2011 թվականի ծնված փոքրիկին։
Ամուսինը հյուրասենյակում վիճաբանել է կնոջ հետ և ձեռքին գտնվող, ըստ նախնական տվյալների, F1 տեսակի, բեկորային նռնակով հարվածել Ա. Խաչատրյանի գլխին, քիչ հետո հիշյալ նռնակը նետել է հյուրասենյակի բազկաթոռի ուղղությամբ, որտեղ այդ պահին գտնվել են Ա. Խաչատրյանը և փոքրիկը, որից հետո դիմել է փախուստի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ա. Խաչատրյանի ամուսինը՝ Մելիք Գալստյանը, հայտնաբերվել է։ Շատերի կյանքի համար սպանության փորձ կատարելու և ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով Մ.Գալստյանը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է: