Այսօր Ազատության հրապարակում մեկնարկած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքն ավելի բազմամարդ էր քան մարտի 15-ի հանրահավաքը, որին մասնակցում էին նաև Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը Վարդիթեր Հովհաննիսյանն ու հայրը` Ռիչարդ Կիրակոսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրենց նամակագրության հրապարակայնությանը, ելույթ ունենալով, ասաց.« Քանի որ ինքը շատ ճիշտ արեց, որ գաղտնի նամակագրությունը իրենք բացեցին, մեր ուզածն էր դա, ամեն ինչ սրանից հետո լինելու է բաց, հրապարակային:
Պատրաստ է հանդիպել, հաղթահարել համազգային այս հիմնախնդիրը, հանգուցալուծում տա, փոխել մեր երկրի կարգը: Ժողովուրդը դա է ուզում և ես էլ որպես ժողովրդի մասնիկ: Ձեր կենսագրության ամենապատասխանատու շրջանն է մինչև ապրիլ 9-ը»:
Րաֆֆի Հովհաննիսայնը ինչպես արդեն իր ասուլիսում էր ասել, այս անգամ հրապարակին ներկայացրեց իր առաջարկները:
Ստորև ներկայացնում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները
Արտահերթ նախագահական ընտրության անցկացում կամ այս տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություն:
Մինչ խորհրդարանական ընտրությունը իրականացնել ընտրական օրենսգրքի փոփոխում` անցում 100 %-անոց համամասնական ընտրակարգի:
Հրապարակել ընտրություններին մասնակցած քաղաքացիեների ցուցակները
Արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին տալ ընտրության հնարավորություն կամ ընտրացուցակներից հանել նրանց անունները:
Առնվազն 5 մարզպետների ազատում աշխատանքից և այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի մարդկանց նշանակում
Ընտրակեղծարար գյուղապետերի և քաղաքապերի ազատում զբաղեցրած պաշտոնից
Բոլոր ընտրակեղծարարներին ենթարկել քրեական պատասխանատվության
ՀՀ Կառավարության և ծառայությունների թվից հետևյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայցրած անձանց. Դատախազություն, Հարկային և մաքսային ծառայություններ, Ազգային անվտանգության ծառայություն, Արտաքին գործերի նախարարություն, Կրթության և գիտության նախարարություն, Վերահսկիչ Պալատ, Արդարադատության նախարարություն, Հակակոռուպցիոն հանձնաժողով
Իր առաջարկները հրապարակելուց հետո Հովհաննիսյանն ասաց.«Սույն պայմանագիրն անբաժանելի է, առկա է երկուստեք ստորագրման, և դրանց դրույթներն անբեկանելի են մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը»:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկները դրեց ծրարի մեջ և հասցեագրեց Սերժ Սարգսյանին:
Այս պահին դեռ շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը և ելույթ է ունենում վերջինիս հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը: