Այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ Կառավարության նիստին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» որոշումը՝ նշելով, որ կառավարությունից որակավորում ստանալու համար կարող են դիմել անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և նախորդած 5 տարիների ընթացքում առնվազն 3 տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման հետ կապված աշխատանքներ:

Ըստ Հովհաննես Մանուկյանի՝ ներկայիս կարգավորումները չեն նախատեսում անհրաժեշտ երաշխիքներ, որոնք կապահովեն սնանկության գծով մասնագետների, կառավարիչների հմտությունների բարձր մակարդակ: Այս միջոցով ավելի օբյեկտիվ ընտրություն պետք է իրականացվի կառավարիչների ընտրության հարցում:

Իսկ Վարչապետը հարցրեց. «Փաստորեն, մենք բանավոր թեստեր ենք ավելացնու՞մ»:

Նախարարն ասաց, որ անհրաժեշտության դեպքում կտրվեն նաև բանավոր հարցեր՝ գրավոր թեստի հետ միասին: Վարչապետն այս որոշման մեջ տողատակ նկատեց:

«Ո՞նց կլինի տենց: Ուղիղ ասենք, որ բանավոր պիտի լինի մասնակցությունը, ի՞նչ է նշանակում՝ գրավոր հարցերից պետք է հարցեր տանք, եթե հարցեր առաջանան, դա սուբյեկտիվ է: Միանգամից առաջարկում եմ՝ գրեք ուղիղ, որ գրավորից բացի, բանավոր հարցազրույց թող անցնեն, ի՞նչ եք տողատակում, նպատակն ի՞նչ է, ճիշտը դա է»,-ասաց նա:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց լրացուցիչ քննարկել այդ հարցը: