Գյումրիում հունվարի 12-ին դաժան սպանության դրդապատճառը դեռ բացահայտված չէ: Այսինքն՝ հայտնի չէ, թե որն է շարժառիթը, թե ինչու է Ավետիսյանների ընտանիքը ընտրված, եւ շատ կարևոր է կատարման մեխանիզմը՝ ով, ինչպես և ինչ հրահանգով է կատարել այս հանցագործությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հրավիրված հանրային քննարկմանն ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Այս հարցերի պատասխաններով քաղաքական հնարավոր ենթատեքտը հնարավոր է բացահայտել, իսկ եթե չի բացահայտվում, ապա քաղաքական ենթատեքստը ամրապնդվում է»,- ասաց Սաքունցը:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավարը նշեց, որ ռուսական ռազմաբազայի ղեկավարության մեկնաբանությունը կատարվածի մասին կարևոր, որը մինչև հիմա չկա:

Քննարկմանը մասնակցում էր նաև քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանը, որը հայտարարեց, թե հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջով, որ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը հրապարակի Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ նամակի բովանդակությունը: