Արմավիրի մարզի դատարանի դատավոր Վահե Խալաթյանի վարույթ է ընդունվել «ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար»-ի կողմից «հարսնացու»-ի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի խարդախության գործը:
Այսպես, ըստ մեղադրանքի, դեռևս նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատվածությունը չմարած Ալեն Մանուկյանը 2012թ. նոյեմբերի 10-ին «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Էջմիածին քաղաքի բնակչուհի Սրբուհի Իսախանյանի հետ և խարդախությամբ նրանից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ ներկայացել է որպես ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար, որն իբրև ամուսնանալու նպատակով է եկել ՀՀ և առաջարկել իր հետ ամուսնանալ ու մեկնել ԱՄՆ, ինչին էլ Ս.Իսախանյանը համաձայնվել է,-գրում է Փաստինֆոն:
Դրանից հետո Ս.Իսախանյանի ԱՄՆ տեղափոխվելու փաստաթղթերը ձևակերպելու և նշանադրության արարողություն կատարելու պատրվակով, ըստ մեղադրանքի, 2012թ. նոյեմբերի 15-18-ն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ շարունակաբար խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիցս հափշտակել է առանձնապես խոշոր չափի 3.332.485,6 ՀՀ դրամ գումար, որից 2.118.376դրամին համարժեք 5200 ԱՄՆ դոլար, 114.109.6 դրամին համարժեք 220 եվրո և 1.100.000 ՀՀ դրամ:
Բացի այդ 2012թ. նոյեմբերի 18-ին խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Սրբուհի Իսախանյանից փորձել է հափշտակել զգալի չափերի 407.380 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի կարողացել հասցնել ավարտին, քանի որ Ս.Իսախանյանին չի հաջողվել հայթայթել նշված գումարը:
Ալեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և 34-178-րդ հոդվածի 1-ին մասով՝ խարդախության փորձ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: