Դիլիջանի 52-ամյա բնակիչ Արամ Խաչատրյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքում և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Արամ Խաչատրյանին մեղսագրված արարքը հաստատված է, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ճիշտ է որակված, որի համար նա ենթակա է պատժի: Սակայն միաժամանակ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալն իրեն մեղսագրվող արարքը կատարել է՝ հանրային շահից դրդված: Ամբաստանյալը մեկ այլ անձի առողջությանը ծանր վնաս է պատճառել՝ վերջինիս կողմից «Դիլիջանի Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Դիլիջանի տեղամասի անտառպետության տարածքից 12 հատ սոճենի տեսակի ծառ ապօրինի հատելու համար: Այնուամենայնիվ՝ դատարանը գտել է, որ առանց հասարակությունից մեկուսացնելու հնարավոր չէ ապահովել պատժի նպատակները, հետևաբար, ամբաստանյալը պետք է այն կրի ազատազրկման ձևով: Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ 2014 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի բնակչից տեղեկացել է, որ Երևանի բնակիչ Սոս Բաղդասարյանը «Դիլիջանի Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Դիլիջանի տեղամասի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 12 հատ սոճենի տեսակի ծառ և զայրացել վերջինիս արարքից: Ապա իր հետ վերցնելով 12 տրամաչափի «ՏՈԶ-34» որսորդական հրացանը՝ իր կողմից վարած «ՎԱԶ-21 06» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Դիլիջան քաղաքի Խորհուրդներ փողոցի 40 տան մոտ, որտեղ նկատելով կտրտված և թափված գերանները՝ հայհոյանքներ է տվել Սոս Բաղդասարյանի հասցեին և մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ կրակել Ս. Բաղդասարյանի աջ ոտքին` նրան պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: