Այսօր երբ լսում էի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն, ակամայից հիշեցի իմ ու նրա մեկամյա վաղեմության հանդիպումը՝ Shangri La կազինոյում: Հանդիպման առիթը՝ իմ ու ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Կարապետյանի ծեծկռտուքն էր: Ծառուկյանը, տվյալ պարագայում, դրական դերակատարություն էր ստանձնել՝ ջանքեր գործադրելով իմ ու իր կուսակցի հաշտեցման գործում: Առհասարակ, քաղաքականությունից դուրս՝ Ծառուկյանը դրական, շփվող, ասող-խոսող մարդ է, ով նաև ձեռք է մեկնում նախաձեռնությունների:
Օրինակ, 2007-ին ես պետք է մի փոքր բիզնես նախաձեռնեի, ու նա պատրաստակամորեն օժանդակեց դրան: Այսինքն, որպես մարդ, նա դրական կերպար է՝ գոնե իմ ընկալմամբ, բիզնեսի մեջ ունի ֆենոմենալ հատկություններ, եթե նույնիսկ շրջանցել է հարկային կամ այլ օրենքներ: Ի դեպ, դա միայն ծառուկյանական երևույթ չէ, բայց այս հարցում խնդիրը սրվում է, երբ մարդը չվճարված փողերն օգտագործում է քաղաքական PR-ի, էլ չասած՝ իշխանափոխության ծրագրի վրա: Նույն Խոդորկովսկին կարող էր հայտնվել Պուտինի շրջապատում՝ ինչպես շատերը, սակայն հայտնվեց ճաղերի հետևում, որովհետև ոչ այնքան «մաքուր» փողերով իշխանության հայտ ներկայացրեց:
Այս առումով՝ այն, ինչ ՀՀԿ խորհրդի վերջին նիստում արեց Սերժ Սարգսյանն, ոչ միայն զարմանալի չէ, այլ օրինաչափ է հետսովետական կոչվող տարածքի համար: Քեզ թույլ են տալիս լիքը փողեր աշխատել՝ համակարգի տրամաբանությամբ ու օրենք խախտելով, սակայն դա դու ուղղում ես ոչ միայն քո անձնական բարեկեցությանն, այլ նաև մարտահրավեր ես նետում քեզ սնուցող ու քեզանով ուժեղացող համակարգին: Սա դուրս է խաղի համակարգային կանոններից, արդար չէ՝ «ախպերության» հաստատված կանոններով: Եթե այդքան սիրտդ իշխանություն է ուզում, նախ հրաժարվիր օլիգարխիկ կայֆերից, քեզ զգա քաղաքացի, հետո նոր՝ ձևակերպիր հայտդ: Այս առումով ինձ զարմացնում էր համեմատությունը Ծառուկյանի ու Բիձինա Իվանիշվիլու միջև, որովհետև վերջինիս փողերը, կապիտալն ազգային ծագում չունեին: Բայց գանք Ծառուկյանի քաղաքական հայտին ու կանգ առնենք, որովհետև այստեղ սկսվում է բացասականը, կամ ավելի շուտ՝ ԲՀԿ նախագահն անցնում է մի սահման, որից անդին այլևս դրական չէ:
Վերևում նշածս զրույցի ընթացքում ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նա ինքնաբավ քաղաքական հայտ չունի ու այդ դաշտում նրա ֆենոմենը փոխակերպվում է ողբերգության, որովհետև հաջողակ բիզնեսմենը հայտնվել է երեք նախագահների բարդ հարաբերությունների սարդոստյանում ու այլևս ոչ թե խաղադրույք անող սուբյեկտ է դառնում, այլ օբյեկտ, որի վրա խաղադրույք են կատարում: Այն, ինչ ինձ պարզ դարձավ մեկ տարի առաջ, այսօր պարզ դարձավ շատերին:
... Մենք առայժմ ապրում ենք ջունգլիների օրենքներով, անտառը պետք է մեկ առյուծ ունենա, կորյունի թագավորական հայտը կարող է դաժանորեն պատժվել, եթե նույնիսկ անտառի շակալները նրան արքա են անվանում:
Սուրեն Սուրենյանց Ֆեյսբուք