Սույն թվականի փետրվարի 18-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի
Էրեբունի սրահում (ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1) տեղի ունեցավ Գերմանիայի Բնության Պահանության Միության /NABU/ կողմից իրականացվող «Կովկասում կենսաբազմազանության պահպանության համար համագործակցության նոր մոտեցումներ. Հայաստանում գործընկերության հաստատում ընկերությունների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների միջև» երկամյա ծրագրի ամփոփիչ աշխատաժողով, որի նպատակն է ներկայացնել ծրագրի արդյունքները և քննարկել հետագա քայլերը:
Այս կարևոր միջոցառմանը ներկա էր նաև Yerevannews.am–ի թղթակիցը, որը հարցազրույց ունեցավ գերմանական պատվիրակության ներկայացուցչի հետ և մանրամասնեց կոնկրետ հայաստանյան համագործակցության նպատակները արդյուքներն ու հետագա ծրագրերը:
«Բուն հայաստանյան համագործակցության մեջ տարբեր ոլորտներ է ներառվել՝ տեսակների պահպանություն, տարածքների պահպանություն և այլ միջոցառումներ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի բնապահպանության նախարարության հետ և այդ հանգամանքը ևս նպաստեց մեր ծրագրի նախաձեռնման իրականացմանը: Հայաստանն ունի առանձնակի մի դիրք այն պատճառով, որ Կովկասում կենսաբազմազանությունն անչափ հարուստ է: Մինչ այժմ մեր կողմից իրականացրած ծրագրի արդյունքներից մենք շատ-շատ գոհ ենք: Կա մի շատ կարևոր հանգամանք, որը հատուկ չէ մյուս երկրների հետ համագործակցություններում. Խոսքը Հայաստանի պետական կառույցների մասին է, որոնք ի սկզբանե շատ բաց են և պատրաստակամ համագործակցելու քաղաքացիական հասարակության հետ: Օրինակ`նման ծրագրեր իրականացնելն անչափ դժվար է Ադրբեջանում կամ Թուրքմենիայում: Այս նախագիծն ավարտվում է ապրիլ ամսվա վերջին, սակայն մինչ այդ կիրականացնենք մի շարք մոդելային ծրագրեր»:
Հատկանշական ենք համարում նշել, որ միջոցառման կազմակերպումն ու անցկացումը կատարված էր ամենաբարձր և պրոֆեսիոնալ մակարդակով, որի ընթացքում հանձնվեցին հավաստագրեր բոլոր այն կազմակերպություններին, որոնք համագործակցել են ծրագրի շրջանակներում: