Մենք` ներքոստորագրյալներս, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, դիմում ենք հասարակությանը, իշխանությանն ու ընդդիմությանը:
Այլևս անհերքելի փաստ է, որ երկրում կուտակվել են համակարգային հիմնախնդիրներ, որոնց լուծումը պետք է վաղուց սկսված լիներ: Անհետաձգելի պահանջ է դարձել կառավարման այնպիսի համակարգի ձևավորումը, ուր ազգի ստեղծագործական ներուժը պահանջված կլինի սեփական հայրենիքում, ուր կբացառվեն օլիգարխական մենաշնորհային դրսևորումները, կոռուպցիան, ստվերը, սոցիալական բևեռացումը, հասարակության տարանջատումը յուրայինների և օտարների, իրավական համակարգի անարդարությունները և բազմաթիվ նման երևույթներ:
Հանրահայտ է, որ հասարակության դժգոհության ու վրդովմունքի հարուցողը երկրի տնտեսական և հոգևոր-գաղափարական զարգացման ռազմավարության բացակայությունն է, որով էլ պայմանավորված է արտագաղթի, աղքատության և համընդանուր հուսալքության աննախադեպ աճը և հիմնախնդիրների ևս մի ամբողջ շարք: Սակայն, ներկայիս աշխարհաքաղաքական վտանգավոր մարտահրավերների պայմաններում, երբ հայության ուշադրությունը կենտրոնացած պետք է լինի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, երկրում զարգանում է ոչ քաղաքական գործընթաց, ինչը հասարակությանը հասցնում է անորոշության անդունդի եզրին, որտեղ առկա են միայն ազգային արժանապատվության ոտնահարում, ազգային դիմազրկում և այլ վտանգավոր երևույթներ:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ ավանդույթ ունի ներքին տարաձայնությունները լուծելու առանց հարևանների միջամտության՝ կարևորելով ընտանիքի ամբողջական և ոչ թե անհատական շահերը: Անկախ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից, մենք կողմ կլինեինք երկրի Նախագահի այն տեսակետին, որ անհրաժեշտ է մաքրել քաղաքական դաշտը ոչ քաղաքական գերաճուկներից՝ վերացնելով նաև օլիգարխական համակարգը, ինչին կնպաստեին սահմանադրական բարեփոխումները, եթե այդ պահանջը վերաբերվեր բոլոր կողմերին և հատկապես` իշխող թիմին:
Կարծում ենք՝ իշխանությունը չպետք է իրեն բավարարված զգա միայն ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մեղմացմամբ, քաղաքական դաշտից այս կամ այն գործչի հեռացմամբ կամ բարձրագույն պաշտոնների հավակնության կանխումով:
Մենք համոզված ենք, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը համակարծիք է, որ այս գործընթացը մեզ անհրաժեշտ է հանուն այն Հայաստանի կայացման, որի մասին երազում է ամեն մի հայ: Հետևաբար, պահանջում և ակնկալում ենք ՀՀ նախագահի կողմից մատնանշված մոտեցումը միջանձնային հարաբերությունների դաշտից վերջապես տեղափոխել պետականաշինության ոլորտ և գործել առավել անաչառ և օբյեկտիվ: Միայն այն դեպքում, երբ այդ պահանջներին ենթարկվեն նաև բոլոր «յուրայինները», հասարակությունը կպաշտպանի հայտարարված գործընթացը, որը մեր կարծիքով պետք է գարնան հորդառատ հեղեղի պես մաքրի տարիներ շարունակ կուտակված աղբը ու ոչ մի դեպքում չդառնա մեկ գործողությամբ ներկայացում, որի վարագույրը դեռ չբացված կփակվի` վերջնականապես տապալելով տիրող կարգերի առողջացման բոլոր հույսերը:
Համոզված ենք նաև, որ այս հակամարտությունը ինչով էլ որ ավարտվի, կարթնացնի հասարակության այն կարող խավը, որն իր հավատով և կամքով այլևս չի նահանջի և ի զորու կլինի դառնալու իրական Հայաստանի կերտողն ու կառուցողը:
- Ազատ Եղիազարյան (Բանասիրական գիտությունների թեկնածու)
- Կարինե Դանիելյան (Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
- Թաթուլ Մանասերյան (Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
- Ֆերդինանտ Առաքելյան (Քանդակագործ)
- Բենիամին Միրզոյնա (Պրոֆեսոր, Հայրենական Մեծ պատերազմի վետերան)
- Արմեն Հովսեփյան (Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր)
- Կարին Տոնոյան (Լրագրող, հաղորդավար)
- Ռուբեն Բարենց (Երևանի աշխարհաքաղաքական ակումբ)
- Արման Բոշյան (Երևանի աշխարհաքաղաքական ակումբ)
- Ջուլիա Մարտիրոսյան («Ավանգարդ-մեդիա» ՀԿ)
- Ժասմինա Ղևոնդյան («Ներուժ» ՀԿ նախագահ)
- Արամ Սարգսյան (Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ ղեկավար)