Փետրվարի 19-ին տեղի է ունեցել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսը, որին ներկա էին Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին` բանակի հրամանատարն ամփոփել է 2014թ. բանակային տարին, նշել ձեռքբերումները և առաջադրել դեռևս լուծում պահանջող հարցերի վերաբերյալ իր մոտեցումները: Այնուհետև Մովսես Հակոբյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական վերջին իրողություններին, խոսել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացիկ տարվա սկզբին արձանագրված լարվածության ու բանակի ձեռնարկած գործողությունների մասին:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հուզող բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին նոր սպառազինության ու զինտեխնիկայի ձեռքբերմանը, բանակում բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանը և առաջնագծում զինծառայողների անվտանգությունն ապահովելու ու ինժեներական կառույցների ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքներին: