Ռուսաստանում երեխաները հասկացել են՝ ինչպես կարելի է շրջանցել ծնողների արգելքը և նվեր ստանալ ընտանի կենդանիներ, որոնց մասին վաղուց երազել են։ Պետք է նամակ գրել երկրի նախագահին։ Եվ կարևոր չէ, որ Ամանորն ավարտվել է և նվերներն էլ՝ վերջացել, գրում է Комсомольская правда-ն։

Ամանորի նախօրեին միաժամանակ մի քանի երեխաներ, նամակներ գրելով պետության ղեկավարին, Վլադիմիր Պուտինից լաբրադոր ցեղատեսակի շուն էին նվեր ստացել։ Եվս մեկ երեխայի նախագահը նվիրել է հոկեյի համազգեստ, իսկ Դոնեցկից մի տղայի՝ նոութբուք։

Մուրմանսկի մարզի Կովդոր գյուղից տասնամյա Վերոնիկա Բեզուգլովան իր նամակում Պուտինից կատվի ձագ էր խնդրել։ Նա գրել էր, որ ապրում է մոր և եղբոր հետ, և իրենք միջոցներ չունեն լավ ցեղատեսակի կենդանի ձեռք բերելու համար։

«Մենք Ամանորին ստանում ենք միայն կոնֆետներ, իսկ այնքան կցանկանայինք փոքրիկ մոխրագույն կամ կարմրամազ կատու ստանալ»,- գրել էր Վերոնիկան։

Նրա երազանքը կատարվել է։ Օրերս շրջանի ղեկավար Նիկոլայ Կարելսկին աղջնակին հրավիրել է իր մոտ և փոխանցել նախագահի նվերը։