Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ «Շշի Մելոն», պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահը հայտնեց նաև, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ «Բելաջիոյի Գրիշը», դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից:

Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու ու որպես անկախ պատգամավոր իրենց գործունեությունը շարունակելու մասին դիմում էին ներկայացրել նաև Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը:

ԱԺ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Ըստ որում՝ զղջալու համար պատգամավորը 15 օր ունի, եթե այդ ընթացքում հետ վերցնի դիմումը, ԱԺ նախագահը առաջիկա նիստում կհայտնի այդ մասին, իսկ եթե չվերցնի, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում ԿԸՀ: