Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները եւ ողջ հայ ժողովուրդը պետք է հարգի մեծ զորավար, Հայաստանի պայծառ զավակներից մեկի՝ Անդրանիկ Զորավարի ծննդյան 150-ամյակը: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Այսօր լրանում է Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակը: Մենք ուզում ենք, որ հայրերն ու մայրերը իրենց զավակներին սովորեցնեն ապրել այն պատգամներով, որոնք մեզ թողել է Զորավար Անդրանիկը: Այն ամենը, ինչ նա թողել է մեզ, մնում են կենսական կարեւոր մեր երկրի ու ժողովրդի համար»,-հայտարարել է Փոստանջյանը:
Ավելի վաղ ԱԺ նիստի սկզբում խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանն առաջարկել էր մեկ րոպե լռությամբ հարգել հասարակական գործիչ, գրող, Արցախյան շարժման եւ ազատամարտի մասնակից Սամվել Շահմուրադյանի (1955-1992) հիշատակը՝ նրա ծննդյան 60-ամյակի առթիվ:
«Եկեք հարգենք ու հիշենք Անդրանիկ Զորավարին»,-տեղից հայտարարեց Փոստանջյանը, ինչին Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Այո՛, Անդրանիկի ծննդյան տոնը նույնպես շնորհավորում ենք»: