ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն արտասահմանում վիրահատության կենթարկվի: Այս մասին մահափորձի ենթարկված քաղաքական գործիչը տեղեկացրել էգրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում:

Հայրիկյանը մասնավորապես ասել է.

«Սիրելի բարեկամներ,

Երկար ժամանակ ոչինչ չեմ գրել, թեեւ գրել սիրում եմ եւ գրելու պահանջ ունեմ։ Հիմա ասելիքս թելադրում եմ։ 

Կարմիր խաչի հիվանդանոցում եմ։ Ձեռքիս վիճակը գնալով վատանում է, ու այս համակարգչի ստեղնաշարը վեր էր ածվում տանջանքի գործիքի։ Տիրոջ կամքով, մի օր կանցնի, բայց այս պահի դրությամբ ցավերից պարբերաբար տառապող կատարյալ հաշմանդամ եմ։ Ոչ թե նվնվում եմ, այլ ուզում եմ մոտիկներիս ներկայացնել իսկութիւնը։ Շաբաթ օրը առողջապահության նախարարության հետ պայմանավորվեցի, որ ընդունում եմ արտասահմանում բուժվելու, այդ թվում ճնշված ներվերս ճնշումներից ու կպումներից ազատելու համար վիրահատուելու առաջարկը։ Ուր եմ նախընտրում գնալ՝ հարցին պատասխանեցի, որ վստահում եմ իրենց, եւ նախընտրելին նա է, որը շուտ կազատի ինձ այս ցավերից ու կվերականգնի ձեռքիս աշխատանքը։ Գործնական հրավերներ կան ԱՄՆ-ից, Իսրաելից, Գերմանիայից։ Մի քանի ժամից կարծում եմ, կլինի նաեւ Հոլանդիայից»: