Մենք շատ հստակ ենք ասել, որ կոալիցիա մտնել-չմտնելը ինքնանպատակ չէ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին` հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Այս հարցը մեզ միշտ հետապնդելու է:Մեկ-մեկ ինձ թվում է, որ հարցը տալիս եք զուտ հնչեցնելու համար, իսկ պատասխանը լսելի չի դառնում: Մենք շատ հստակ ենք ասել, որ կոալիցիա մտնել-չմտնելը ինքնանպատակ չէ, հատկապես այնպիսի կուսակցության համար, ինչպիսին է Դաշնակցությունը: Լուրջ չի լինի այն քաղաքական ուժը, որի ծրագրերը ընդունվում են ու դրանից հետո քո իսկ առաջարկած պահանջից սարսափում ես ու հրաժարվում: Եթե առաջարկներն ընդունվում են, անլուրջ կլինի չհամագործակցել:
Իսկ հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչումը դրական քայլ ենք համարում»,- նշեց նա:
Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը և նշեց, որ այդ արդյունքն այս իրավիճակում ամենաճիշտ որոշումն էր: Հարցին` չե՞ք կարծում, որ Գագիկ Ծառուկյանը շատ թանկ վճարեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման համար, Արմեն Ռուստամյանն ասաց. «Ծանր վճարեց, թե չէ, Գագիկ Ծառուկյանին հարցրեք, չգիտեմ` նա ինչքան է վճարել: Շատ ունեցողից շատ են պահանջում, քչից՝ քիչ: Չպետք է մտածենք, որ հաղթող ու պարտվողներ են եղել: Իշխանություններին էլ չպետք է թվա, թե հաղթել են և էյֆորիայի մեջ ընկնեն: Մենք պարտված ենք, քանի դեռ այս խնդիրներն առկա են երկրում: Իշխանությունները պետք է հասկանան, որ այս զինադադարը պետք է ճիշտ օգտագործել»,- նշեց նա: «Երբ արյունահեղություն է լինում մեկը մյուսին է մեղադրում: Դրանից հետո դժվար է լինում պարզել, թե ով էր մեղավոր: Ովքեր հանրահավաքները ղեկավարել են, գիտեն, տեսել են, թե ինչպես է դա տեղի ունենում: Սա շատ վտանգավոր է, պետք է բոլորն իրենց պատասխանատվության չափը հասկանան»,- եզրափակեց նա: