Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է շինարարական խանութից խաբեությամբ խոշոր չափերի հասնող շինարարական նյութեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Առերևույթ հանցագործություն կատարած անձն այցելել է շինանյութերի վաճառքով զբաղվող ընկերության՝ երկու տարբեր հասցեներում գործող խանութներ և ներկայանալով մի դեպքում որպես բանկի շինարարության գծով պատասխանատու, իսկ մյուս դեպքում՝ ընկերության մատակարար՝ խանութների աշխատակիցների վստահությունը չարաշահելով՝ հափշտակել է ընդհանուր առմամբ 2.535.000 ՀՀ դրամի շինանյութ:
Նախաքննության ընթացքում ստացվել է ընկերությանը պատկանող խանութների անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում է շինանյութերը ձեռք բերած անձը։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: