Բորիս Նեմցովի մահից մի քանի օր առաջ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին զգուշացրել էր ընդդիմադիր գործչին, որ ռուսական իշխանությունները փորձելու են սպանել նրան։ Այս մասին Սահակաշվիլին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ես Բորիս Նեմցովին վերջին անգամ տեսել էի Կիեւում սրանից մի քանի օր առաջ։ Մենք հանդիպեցինք «Ֆերմոնտ» հյուրանոցում, զրուցեցինք, եւ նա ինձ պատմեց Մոսկվայում պլանավորած երթի մասին։ Բնականաբար, ես հարցրի նրան, թե չի՞ վախենում արդյոք նա իր անվտանգության համար, հատկապես հիմա։ Նա պատասխանեց, որ Պուտինն ապրում է իր սկզբունքներով, եւ իրեն՝ իբրեւ նախկին պաշտոնյայի, դժվար թե երկար ժամանակով կարող են ձերբակալել։ Ես ընդհատեցի նրան եւ ասացի, որ նա ավելի շատ պետք է վախենա այդ պահին իր ձեռքում գտնվող գինու բաժակում հնարավոր թույնից, քան թե ձերբակալությունից, սակայն տեսնելով նրա դեմքի արտահայտությունը՝ ես միանգամից հասկացա կատակիս անտեղիությունը»,- մեջբերում է Սահակաշվիլիի հայտարարությունը «Գրուզիա Օնլայն»-ը։

Դրանից հետո Սահակաշվիլին եւ Նեմցովը խոսել են այն մասին, թե ինչպիսի վախճան է սպասվում Պուտինին, եւ երկուսն էլ համաձայնության են եկել, որ ռուս նախագահի եւ սերբ բռնապետ Սլոբոդան Միլոշեւիչի վարքագծերի մեջ կարելի է շատ զուգահեռներ անցկացնել։

«Ես այսօր հիշեցի, որ Միլոշեւիչի օրոք ընդդիմադիրներին նույնպես սպանում էին։ Նեմցովը շատ համարձակ մարդ էր, շատ անզգույշ։ Նրա հետ կարելի էր վիճել, չհամաձայնվել, բայց հնարավոր չէր նրա հանդեպ անտարբեր մնալ։ Ես գիտեի նրան 1990-ականների կեսերից։ Կյանքից հեռացավ այլ ազգերի ընկերը եւ միաժամանակ Ռուսաստանի մեծ հայրենասերը»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը։