Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ սոցիալական մշտական հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման 7 անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին հարցը:
Մինչ այս գործող օրենքով ՀՀ պաշտոնաթող նախագահի գրասենյակի ծախսերը պետության հաշվին են կատարվում, տրվում է համապատասխան բնակարան, ավտոմեքենա և գրասենյակ, որը տրվում էր մինչև նախկին նախագահի 70 տարին լրանալը, իսկ գրասենյակը` ցմահ: Ներկայացվող փոփոխությամբ առաջարկվում է օրենքից հանել մինչև 70 տարին լրանալ բառերը և այդ կերպ այս ամենը կտրամադրվի ցմահ: Երկրորդ փոփոխությամբ սահմանվում է պաշտոնաթող նախագահի կենսաթոշակի չափը: Այս փոփոխությամբ նախկին նախագահի կենսաթոշակը կլինի ներկայիս նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով:
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն: Այն կընդգրկվի վաղը մեկնարկող արտահերթ նստաշրջանի օրակարգում: Այս փոփոխություններն այժմ անդրադառնալու են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, սակայն հանձնաժողովի անդամները նշեցին, որ այն անդրադառնալու է նախագահի ընդհանուր ինստիտուտի վրա: