Հանրային խորհրդի ստեղծումից ի վեր խորհրդի կազմում (ՀԽ 36 անդամներ) տարբեր պատճառներով առաջացել էր 5 թափուր տեղ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 27-ի կարգադրությամբ Հանրային խորհրդի 5 թափուր տեղերից 2-ը համալրվեց. ՀԽ նախկին անդամներ Վլադիմիր Մովսիսյանի և Խոսրով Հարությունյանի փոխարեն ՀԽ անդամներ նշանակվեցին Սմբատ Լպուտյանը և Էդիկ Մինասյանը:
Հանրային խորհրդի մյուս 3 թափուր տեղերն առաջիկայում կհամալրվեն ՀԽ կանոնադրության համաձայն:
Ներկայացնում ենք Հանրայի խորհրդի ձևավորման ընթացակարգը:
Գործընթացը տեղի է ունենում 3 փուլով. առաջին 12-ին նշանակում է ՀՀ նախագահը: Այնուհետև ձևավորվում է 12 ոլորտային հանձնաժողով, որտեղ գործուղվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (ներկայումս այդ հանձնաժողովներում ընդգրկված են 1200 հասարակական կազմակերպությունների շուրջ 2000 ներկայացուցիչ): Վերջիններս իրենց հերթին փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում են ՀԽ 12 հանձնաժողովների նախագահներ, որոնք միաժամանակ դառնում են ՀԽ անդամներ: Այնուհետև ՀԽ 24 անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում են ևս 12 անդամի՝ իրենց կողմից ներկայացված թեկնածուներից:
Այդպիսով ձևավորվում է Հանրային խորհրդի 36 անդամներից բաղկացած կազմը:
Տեղեկացնենք նաև, որ Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի հետ պատրաստվում է քննարկել ՀԽ նոր հանձնաժողովներ ստեղծելու հարցը, որի դեպքում, ըստ ՀԽ կանոնադրության, յուրաքանչյուր նոր հանձնաժողովի հետ Հանրային խորհրդի անդամների թիվը կավելանա ևս երեքով: