«168 ժամ» թերթը գրում է.

«Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի թիվս այլ հայտարարությունների, ասաց, թե ՀԱԿ-ը միայնակ է մնացել ընդդիմադիր դաշտում, ու հեգնեց բոլոր այն ուժերին, ովքեր չլինելով ՀԱԿ-ի կողքին՝ պայքարում են իշխանության դեմ: Իրականում Տեր-Պետրոսյանն՝ ինքը, իր վերջին ելույթում ավելի շատ անանուն կամ, ինչպես ինքն ասաց, կոդավորված քննադատություն ուղղեց ընդդիմությանը, քան իշխանություններին: Իսկ իշխանության դեմ պայքարի համար երկամսյա դադար հայտարարեց՝ ՀԱԿ-ի մարտավարությունը ճշտելու համար:

ՀԱԿ-ի հանրահավաքն ու Տեր-Պետրոսյանի ելույթը ևս մեկ անգամ հաստատեցին, որ Հայաստանում իսկապես նոր ընդդիմության ձևավորման խնդիր կա: Իսկ մենակ իրականում մնացել է ոչ թե ՀԱԿ-ը կամ որևէ այլ կուսակցություն, այլ հասարակությունը, որը տարիներ շարունակ հետևել է, թե ինչպես է նույն ՀԱԿ-ն իշխանության դեմ պայքարում իշխանական համակարգի այս կամ այն բևեռի հետ համագործակցությամբ: Հիմա այդ բևեռներից մեկը՝ ԲՀԿ-ն, չկա, և ՀԱԿ-ը հայտնվել է անորոշության մեջ:

…«Պուտինի հրաժարականի պահանջը կրծքիս տակ…», իր կոդավորված ուղերձում՝ ընդդիմադիր ուժերին տրված պիտակների թվում, նշեց Տեր-Պետրոսյանը՝ հերթական անգամ ցույց տալով, որ Հայաստանում կա միայն մեկ ռուսական ընդդիմություն և այդ մեկ ընդդիմությունը ՀԱԿ-ն է: Մնում է՝ Պուտինը կարողանա ապակոդավորել Տեր-Պետրոսյանի հայտարարությունը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: