Ներքաղաքական վերջին զարգացումները ընդդիմադիր դաշտում լուրջ փոփոխությունների ազդակ հանդիսացան: Եռյակի ձևաչափի փլուզումից հետո նկատվում է այսպես կոչված «մարգինալ» ընդդիմադիր ուժերի ակտիվացում: Այդ ուժերը որոշել են օգտվել ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումից իրենց ներքաղաքական ազդեցությունը ուժեղացնելու համար:
Եվ ահա ներքաղաքական ներկայիս զարգացումներին առաջինը արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ով մի քանի օր առաջ խոսում էր «ինստիտուցիոնալ ընդդիմության» կարևորության մասին, արդեն առաջինն քայլն է կատարում այդ ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը արդեն իսկ սկսել է զբաղվել կուսակցության վերածվելու աշխատանքով:
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» իր առջև խնդիր է դրել պատրաստվել հերթական ընտրություններին, այդ ճանապարհին հանրային-քաղաքական միավորումից վերածվելով կուսակցության:
Կուսակցություն ստեղծելու գործընթացը որևէ բացառիկություն չունի, քանի որ Հայաստանում կան բազմաթիվ ոչինչ չասող կուսակցություններ, սակայն հարց է առաջանում ի՞նչ ասել է թե «ինստիտուցիոնալ ընդդիմություն» ստեղծում:
«Քաղաքացիական պայմանագիր» միավորումը «ինստիտուցիոնալ ընդդիմության» ձևավորումը, ի տարբերություն սովորական ընդդիմության, պայմանավորում է, մի շարք առանձնահատկություններով. «ինստիտուցիոնալ ընդդիմությունում» չպետք է լինեն սուպերլիդերներ, այլ պետք է լինի սուպերթիմի առկայություն, «ինստիտուցիոնալ ընդդիմությունը» պետք է ունենա ապագայի ծրագիր, ինչը ներառելու է ստվերային կառավարություն ասվածը, ինստիտուցիոնալ ընդդիմությունը պետք է լինի համակարգայինն ընդդիմություն:
Թե որքանով կհաջողվի Հայաստանի ներքաղաքական զարգացումների պայմաներում Նիկոլ Փաշինյանին ստեղծել նման որակներով ընդդիմություն դեռևս հարցական է, բայց որ Նիկոլ Փաշինյանը փորձում է մի քայլ առաջ անցնել այլ ընդդիմադիր ուժերից, դա փաստ է: