Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և միաժամանակ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ փորձում իրականացնել դիվերսիոն հետախուզական գործողություններ: Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, Իստիգլալ, ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով շուրջ 4500 կրակոց: Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև “ԶԻԿ -23-2″ զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և “ԶԻԿ -23-2″ զինատեսակը:
Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող: Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին թելադրել իրենց կամքը:
Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ ադրբեջանական կայքերի հաղորդմամբ, իրենց կողմն ունի ընդամենը 1 վիրավոր: