ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 21000 կրակոց:
Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը կիրառել է նաև "ԶԿ-23-2" զինատեսակ, ինչը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության՝ շարքից հանելով հակառակորդի առնվազն 3 զինվոր և "ԶԿ -23-2" զինատեսակը:
Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում, որի արդյունքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:
Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացնում են առաջադրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով կանխարգելիչ գործողությունների:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն