2015 թվականի մարտի 7-ի առավոտյան՝ Շիրակի մարզի Ախուրյանի Քեթի գյուղի ձորում հայտնաբերվել է «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել է վարորդի՝ 1984 թվականի ծնված Քրիստ Վարդանյանի դիակը՝ ավտոմեքենայի հետևի նստատեղին։
Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։

Դիակի արտաքին զննությամբ որովայնի շրջանում հայտնաբերվել է միջանցիկ հրազենային վնասվածք։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ։
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ սպանության վայրը, բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Արդեն հայտնել ենք, որ մարտի 7-ին, ժամը 08.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղում գիշերը տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: