Այսօր առավոտյան Yerevannews.am կայքը նամակ ստացավ Երևանի բնակիչներից մեկի կողմից, ով դիմում էր մեզ խնդրանքով, որ հրապարակենք իրենց բակում տեղի ունեցած իրադարձության մասին:
Իրադարձությունը հետևյալն է՝
Ք. Երևանի Տերյան 62 շենքի դիմաց շաբաթ օրը(մարտի 7) տեղի է ունեցել ապօրինի գործողություններ: Ընդամենը մեկ ժամվա ընթացքում Մոսկովյան փողոցի կողմից առկա ծառուղուց շատ օպերատիվ կերպով կտրվել է 2 ծառ, փոխարենը փռվել է ասֆալտ-բետոնե ծածկ՝ հավանաբար փողոցի այդ հատվածից դեպի դիմացի «Օբյեկտ» ավտոկայանատեղի ապահովելու համար:
Yerevannews.am-ը շտապ կապ հաստատեց և հեռախոսազրույց ունեցավ նամակի հեղինակի հետ: Վերջինս նշեց, որ ինքը հանդիսանում է Տերյան 62 շենքի բնակիչ և չի կարող հանդուրժել նման կամայականություն և Քաղաքապետարանի կողմից անտարբերություն:
«Ես խնդրում եմ սույն հարցին հասարակական հնչեղություն տալ, քանի որ չի կարող ցանկացած «Օբյեկտ»-ի տեր, Քաղաքապետարանում ունենալով համապատասխան «լծակներ», Երևան քաղաքը խեղաթյուրել իր անձնական շահերին համապատասխան: Գուցե մի օր էլ իմ բնակարանն ինչ-որ մեկի հեռուն գնացող պլաններին խանգարի և ամենաթողության ու անպատժելիության պատճառով բախվեմ խնդիրների: Մենք՝ մի քանի բնակիչներով, դիմելու ենք նաև նախագահի վերահսկողական ծառայություն՝ պատժիչ միջոցներ կիրառելու համար»,- ասաց բնակիչը:
Yerevannews.am կայքը կիսում է բնակչի վրդովմունքը և խոստանում է աջակցել ու հետևողական լինել տվյալ խնդրի հետ կապված հետագա լուծումները լուսաբանելու գործընթացում:
Ստորև ներկայացնում ենք նկարներ, որտեղ երևում է տարածքի նախկին և այժմյա տեսքը: