«Ժողովորդ» թերթը գրում է.

«Մարտի 7-ին և 8-ին Շիրակի մարզում աղմկալի դեպքերը հաջորդեցին մեկը մյուսին: Առեղծվածային ինքնասպանություն, երկու սպանություն, ծեծկռտուք և կրակոցներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ստեղծված լարված իրավիճակում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ցուցումով ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության պետը հատուկ հանձնարարականներով գնացել է Գյումրի:

Դեպքերը՝ըստ վիճակագրության

Մարտի 7-ին՝ վաղ առավոտյան, Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի մոտ հայտնաբերվել էր Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Քրիստ Վարդանյանի դին: Ըստ նախնական վարկածի` երիտասարդին նախ սպանել էին այլ վայրում, ապա նրան դնելով ավտոմեքենայի մեջ՝ հասցրել էին ձորի մոտ ու գլորել ցած: Քրիստ Վարդանյանը եղել էր իրեն պատկանող Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրա մարմնի վրա հայտնաբերվել էին հրազենային մահացու վնասվածքներ:

Ո՞վ է Քրիստ Վարդանյանը

Դեռևս 2007թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 22-ի սահմաններում Քրիստ Վարդանյանը ընկերոջ՝ Սուրեն Պետրոսյանի հետ գնացել էր «Էդեռա» բար-սրճարան՝ ճաշելու: Հարևան սեղանի շուրջ նստած չորս անձանցից Հրաչյա Հավերցյանը, որը նախկինում ծանոթ է եղել Քրիստ Վարդանյանի հետ, հրավիրել է միանալու իրենց սեղանին: Համաձայնելուց հետո վեց հոգով միասին ճաշել էին՝ օգտագործելով 4 շիշ օղի: Արդեն ոգելից խմիչքի ազդեցության տակ Հրաչյա Հավերցյանը և նրա ընկերները սկսել էին հայհոյանքներով խոսել, ինչի համար Քրիստ Վարդանյանը դիտողություն էր արել: Առաջացած խոսակցությունը երկու խմբի միջև վերաճել էր վիճաբանության, որի ընթացքում Քրիստ Վարդանյանը, Սուրեն Պետրոսյանը, Հրաչյա Հավերցյանը, վերջինիս ընկեր Դավիթ Փուրթոյանը հայհոյելով հարվածել էին միմյանց, շուռ տվել սեղանները, աթոռները: Հարվածից վայր ընկած Քրիստ Վարդանյանը 5, 6 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակով 3 անգամ կրակել էր Հրաչյա Հավերցյանին: Այնուհետև վիճաբանությունը սրճարանից տեղափոխվել էր դուրս՝ դիմացի մայթ, որտեղ Ք. Վարդանյանը երկու անգամ նույն ատրճանակով օդ էր կրակել: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, և Քրիստ Վարդանյանը դատապարտվել էր 5 տարի 6 ամիս ազատազրկման: Կալանավայրից դուրս էր եկել 2013թ., և, ահա, ազատությունից մոտ երկու տարի անց Քրիստին սպանեցին:

Հարսանիքից մնացած վրե՞ժը

Քրիստ Վարդանյանի սպանության օրը՝ երեկոյան, մեկ այլ աղմկահարույց դեպք գրանցվեց Գյումրիում: Մարտի 7-ին՝ ուշ երեկոյան, Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, կրակոցներ էին հնչել: Հիվանդանոց էին տեղափոխվել 6 հոգի՝ Սմբատ Ղազարյանը, Գագիկ Ղազարյանը, Կնյազ Ղազարյանը, Վլադիմիր Հակոբյանը, Համլետ Գևորգյանը, Գագիկ Ղուկասյանը: Ավելի ուշ նրանցից երեքին ծանր վիճակում՝ հրազենային վնասվածքներով, տեղափոխեցին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ մարտի 7-ին հնչած կրակոցները կապ ունեն նույն օրը՝ առավոտյան, ձորում կրակոցներից սպանված Քրիստ Վարդանյանի մահվան հետ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի: