«Հրապարակ» թերթը գրում է.

«Այն պահից, երբ հանրությունը, հատկապես գյումրեցիները, սկսեցին կասկածի տակ դնել Գևորգ Կոստանյանի «տղամարդկությունը», քանի որ հրապարակավ ասված իր խոսքին տեր չկանգնեց, ՀՀ գլխավոր դատախազն ուղղակի անհետացել է: Իսկ նա «տղամարդավարի» խոստացել էր դիմել Ռուսաստանի իր գործընկերոջը՝ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու կապակցությամբ: Հունվարի 15-ից մինչ օրս լրատվամիջոցները պաշտոնական հարցում են ուղարկում դատախազություն` տեղեկանալու, թե արդյոք կատարվա՞ծ է «տղամարդու խոսքը», սակայն ձայն բարբառո հանապատի: Գլխավոր դատախազն անցել է ընդհատակ, նրան ոչ կառավարությունում, ոչ էլ այլուր բռնացնելու հույսերը զուր են: Մինչդեռ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղարկած նամակին արագ արձագանքել էր Ռուսաստանի դատախազությունը` հայտնելով, որ ՌԴ քննչական կոմիտեն քննում է ՌԴ քաղաքացի Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործը, և նրան էքստրադիցիայի ենթարկելու հիմքեր չկան:

Կոստանյանին մնում էր կառավարության նիստերից հետո աննկատ ճողոպրել լրագրողներից, մինչև որ ռուս գործընկերներն իր նամակի ճակատագիրը որոշեն: Սակայն երբ մամուլում սպրդեցին նրա պաշտոնը կասկածի տակ առնող լուրեր, ըստ որոնց՝ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն աչք ունի գլխավոր դատախազի պաշտոնի վրա, և այդ ուղղությամբ որոշ կաբինետներում խարդավանքներ են հյուսվում, Կոստանյանը հայտնվեց լրագրողների տեսադաշտում ու իր հերթական «տղամարդու խոսքը» փոխանցեց պաշտոնի հավակնորդներին:

«Ես, որպես կանոն, լուրեր չեմ մեկնաբանում, բայց վստահ եմ, որ եթե որևէ պաշտոնատար անձ ուզում է ավելի բարձր պաշտոններ զբաղեցնել ու նման ձգտումներ ունի, դա շատ ողջունելի է և օրինաչափ, որովհետև ես վստահ եմ, որ նման ձգտման պարագայում տվյալ պաշտոնատար անձն անպայմանորեն աշխատելու է իր անձնական ու մասնագիտական որակների կատարելագործմանն ուղղված, հուսով եմ՝ դրական իմաստով, և դրա համար որևէ մեկը կարող է ձգտել, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են ձգտել ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու, դա իրենց խնդիրն է»,-նեղսրտել է Կոստանյանը: Այս ջղաձիգ խորհուրդները վկայում են, որ Կոստանյանն արդեն, ինչպես կասեր իր նախորդ Աղվան Հովսեփյանը, հոգեխանգարմունքի մեջ է:

Հոգեվիճակը վառ արտահայտվել է նաև վերջին օրերին քրեական աշխարհի ակտիվության, սպանությունների վերաբերյալ հարցը լսելիս: Թե ինչով է պայմանավորված քրեական աշխարհի ակտիվացումը, դատախազը նուրբ ակնարկել է. «Ես կարծում եմ, որ դեռևս վաղ է խոսել, թե ինչով է պայմանավորված այդ քրեածին վիճակը: Բայց, նկատի ունենալով, որ, որպես կանոն, դա իր հիմքում ունենում է թե զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության խստացում, թե հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ վերացմանն ուղղված միջոցառումներ, համենայնդեպս, յուրաքանչյուր գործով իրականացվող ավելի համալիր միջոցառումների, քննության արդյունքում բացահայտվում է տվյալ հանցանքը ծնող պատճառների և պայմանների մի ամբողջություն: Ես վստահ եմ, որ մենք կունենանք համալիր և համակարգային մոտեցում այդ հանցածին վիճակի վերացմանն ուղղված»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: