ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 41 դատապարտյալ ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գյումրու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի վկայականներ՝ «Խոհարարի» և «Հյուսն ատաղձագործի» մասնագիտությունների գծով:
Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վկայականների հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Խաչատուր Տոնոյանը, «Արթիկ» ՔԿՀ ղեկավարությունը, Քրեակատարողական վարչության ներկայացուցիչներ:
Խաչատուր Տոնոյանը շնորհավորել է ներկաներին վկայականներ ստանալու կապակցությամբ և բարձր գնահատել «Արթիկ» ՔԿՀ-ի և Գյումրու արհեստագործական ուսումնարանի միջև համագործակցությունը:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը նույնպես կարևորել է նման միջոցառումների անցկացումը քրեակատարողական հիմնարկներում և հույս հայտնել, որ ուսումնական ծրագիրը շարունակական բնույթ կկրի:
Հիշեցնենք, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին նույնպես շնորհվել էր Հայաստանի Հանրապետության Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի վկայականներ՝ «Ավտոփականագործ» և «Կենցաղային գազի սարքավորումների վերանորոգում» մասնագիտությունների գծով: