Մարտի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ձմեռային զորակոչի նախնական արդյունքները:
Խորհրդակցությանը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, առողջապահության ոլորտի պատասխանատուներ, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, տարածքային զինկոմիսարիատների, ինչպես նաև բուժհանձնաժողովների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին զորակոչի կազմակերպմանը ներգրավված բոլոր կառույցների համատեղ աշխատանքի շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչի գործընթացի իրականացումը:
Հաշվետու զեկույցով և առաջարկություններով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը և զորակոչի ոլորտին առնչվող այլ պատասխանատուներ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են վիճակագրական տվյալներ զինկոմիսարիատների, Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի և Կենտրոնական հավաքակայանի բուժհանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նախքան պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացված կանխարգելիչ պատվաստումներին, երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը և այլ հարցերի:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանական գերատեսչության ղեկավարը ցուցումներ է տվել զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ և նախանշել որոշ ուղղություններ, որոնց շուրջ պետք է իրականացվեն համապատասխան աշխատանքներ: