Ստորև ներկայացնում ենք YerevanNews.am-ի հարցազրույցը դերասան, հաղորդավար Հրանտ Թոխատյանի հետ:

- Հայ մշակույթի պահպանման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում մեր երկրում:

- Մշակույթը պետք է պահեն այն մարդիկ, ովքեր, որ զբաղվում են մշակույթով: Ելնելով նրանից, որ այսօր բոլոր թատրոնները, համերգասրահներն աշխատում են, ուրեմն կարող ենք ասել, որ աշխատանքներ տարվում են: Ի վերջո, նկարիչները նկարում են, պոետները գրում են, ուրիշ բան է, եթե խոսենք այդ ամեն ինչի մակարդակի մասին: Ես կարծում եմ, որ հիմա գալիս է երիտասարդ շատ լավ սերունդ: Այն ասպարեզը, որը ես եմ ներկայացնում, կարող եմ վստահ ասել, որ մոտակա ժամանկներս մենք ունենք շատ մեծ ակնկալիքներ այդ նույն երիտասարդ սերնդից:

Վերջին 20 տարիների ընթացքում սկսել են ավելի հաճախ ֆիլմեր նկարահանել, դա նույնպես ինձ հույս է տալիս, որ մեկ օր այս քանակը կդառնա որակ: Այսօր, իհարկե, դեռ շուտ է խոսել որակից, որովհետև, ցավոք սրտի, կինոյում որակն ավելի քիչ է , քան թատրոնում կամ արվեստի մյուս ասպարեզներում, բայց գոնե այն փաստը, որ երիտասարդները սկսել են ավելի շատ զբաղվել, դա արդեն հույս է ներշնչում, որ մեկ օր մենք էլ կունենանք որակ: Այդ դեպքում ես կարծում եմ, որ հաջողությունն ամենևին էլ սարերի հետևում չէ:

Չմոռանանք նաև այն մեծ դադարը, որը մենք ունեցանք մեր կինոմատոգրաֆիայում, ինչն էլ իր հերթին բացասական մեծ ազդեցություն թողեց կինոարվեստում:

- Խոսեցիք որակի մասին, իսկ ի՞նչ կարող եք ասել երգարվեստի մասին: Արդյո՞ք այս ոլորտում զգում եք դրական առաջընթաց:

- Ես շատ եմ ցավում, բայց պետք է նշեմ, որ անկախության տարիներին մենք ավելի շատ հետընթաց ապրեցինք, քան առաջընթաց, բայց միգուցե դրա մեղքի բաժինը նաև մենք ունենք, այսինքն այն մարդիկ, ովքեր պետք է լրջորեն զբաղվեին, բայց այս տարիների ընթացքում ոչ բոլորը դա փորձեցին անել:

Այսօր ինձ ավելի դժվար է երաժշտության մասին գնահատական տալ, որովհետև մասնագիտական առումով ես արհեստավարժ չեմ, բայց գոնե ջազ և ռոք երաժշտությունների առումով առաջընթաց նկատում եմ, այսինքն ես այսօր այդ երաժշտությունները լսելով, համեմատաբար, ինձ բավարարված եմ զգում, քան տարիներ առաջ: Մեկ այլ հարց է, որ դրանց մասին այսօր ավելի քիչ են խոսվում, բայց նրանք կան ու անգամ եվրոպական երկրներում լինելով, հաճախ եմ տեսնում, որ պաստառների վրա կարող եք տեսնել հայ կոմպոզիտորների անուններ:

- Որքանո՞վ է այսօր հայ ազգային երաժշտությունը տարածվում և որքանո՞վ է նոր սերունդը հետաքրքրված ազգայինով:

- Երբ մենք նոր սերնդին դպրոցում կսովորեցնենք սիրել հայրենիքը, ճանաչել պատերազմի հերոսներին, և հասկաանալ, թե ինչպես պետք է ապրեն մեր երկրում, այն ժամանակ էլ կարող ենք խոսել ազգային երաժշտությամբ հետաքրքրվելու մասին: Նոր սերունդն այսօր հնարավորություն ունի համացանցի միջոցով հետևել երաժշտական այն ուղղություններին, որոնք այսօր ավելի շատ կապված են Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ, քան հայկական երգ ու երաժշտության: Բայց այն փաստը, որ այսօր կան ազգային երգի ու պարի ստուդիաներ, դա էլ է հույս տալիս, որ վաղը մեր երեխանները, լավ իմաստով, կվարակվեն դրանով: Այսօր մենք ունենք վարպետներ, ովքեր կան և շարունակում են անել իրենց գործը:

- Սեփական մշակույթին տեր լինելու, սեփական ժառանգությունը պահպանելու հարցում, արդյո՞ք չեք տեսնում մշակութային քաղաքականության խնդիր:

- Պետական այրերը երբեք չեն կարող շարժել դարերով եկած մշակույթը, դա իրենց գործը չէ, իրենց բուն գործը՝ երկիր կառուցելն է: Մշակութային քաղաքականությունը պետք է վարեն մշակույթին մոտ կանգնած մարդիկ, դա արդեն յուրաքանչյուրիս խղճի գործն է: Մենք պետք է կարողանանք այդ հավաքականությունը տանել առաջ:

Ի վերջո, ամեն մի արվեստագետ չէ, որ կարող է գնալ և զարգացել գյուղատնտեսությունը: Եթե հիմա ինձ վստահեն և տան լոլիկի դաշտեր, ապա դժվար թե այդ դաշտերը սկսեն լավ լոլիկ տալ, որովհետև ես մասնագետ չեմ ու չեմ կարող հետո բողոքել, որ այ տեսեք պետությունը չի աջակցում, իմ լոլիկը չի աճում, չեմ կարող, որովհետև ես եմ անբան: Մեկ այլ հարց է, որ ես իմ ստացած բոլոր գիտելիքները, պետք է կարողանամ պատշաճ կերպով ցույց տալ իմ աշխատանքի մեջ և փորձել դա փոխանցել ավելի երիտասարդ սերնդին, այդ ժամանակ մենք արդեն կարող ենք խոսել մշակութային քաղաքականության մասին:

- Իսկ դուք ձեր ասպարեզում ձեր կողմից թույլ տված թերացումներ տեսնո՞ւմ եք:

- Այո, տեսնում եմ: Անկեղծ եմ ձեզ հետ, տեսնում եմ, դա ունի իր սյուբեկտիվ և օբյեկտիվ պատճառները: Սյուբեկտիվը նրանում է, որ միրգուցե ինչ-որ տեղ թերացել եմ ավելի շատ, քան պետք է թերանայի, իսկ օբյեկտիվ պատճառները նրանում են, որ իմ կյանքի երազանքն է եղել միշտ ունենալ մանկական իմ ստուդիան՝ մանկական թատրոն, որը ես մեծ հույսեր ունեմ, որ շատ շուտով կկարողանամ իրագործել:


Հարցազրույցը՝ Անի Բաղդասարյանի