Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Սարգիս Հ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի 4-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի կուրսանտ, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2013թ հունվարի 22-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ուսումնական վաշտի լսարանում Հայլուր լրատվական հաղորդումը սկսելուց առաջ նստատեղը զիջելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել նույն ուսումնական վաշտի 3-րդ դասակի 3-րդ ջոկի պարտադիր ժամկետային զինծառայող` կուրսանտ, կոչումով շարքային Տիգրան Հ.-ի հետ, իսկ այնուհետև այն շարունակվել է հաղորդումն ավարտվելուց հետո` ժամը 21:40-ի սահմաններում, զորամասի ծխարանի դիմաց, որտեղ և խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգային կանոնները` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13 և 16 հոդվածների համաձայն, բարձր չի պահել զինվորական ընկերասիրությունը, հարգանք չի տածել համածառայակցի նկատմամբ, անհանդուրժողական է գտնվել, որը զուգորդվել է բռնություն գործադրելով` այն է հարվածել է Տիգրան .Հ.-ի դեմքին, որովայնին և պատճառել մարմնական վնասվածքներ:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի համաձայն` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Իրավաբան.net