Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստում քննարկվել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են կրկնապատկել ներկայումս գործող երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերը, հատուցել նաև արտարժութային ավանդն այն դեպքում, երբ ավանդատուն բանկում ունի և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդ, իսկ դրամային ավանդի գումարը 4 մլն դրամից ավելի է՝ 8 մլն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով: Կողմ լինելով բանկային ավանդների հատուցման չափերի ավելացմանը, կառավարությունն անում է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի պատգամավորների նախագիծը: