Հունվար ամսին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի գործով ապացույցների մեծամասնությունը գտնվում է հայկական կողմի մոտ։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ավետիսյանների ընտանիքի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։
«Այսօր ստեղծվել է մի իրավիճակը, որը իրավաբանորեն ճիշտ չէ, ուստի իրավաբանական լուծում այս հարցին չի կարող լինել։ Ռուսական և հայկական կողմի մեծագույն ցանկության դեպքում էլ գործի բազմակողմանի քննությունը կասկածի տակ է դրվում։ Չբացելով փակագծերը՝ նշեմ միայն, որ փորձեր արվում են՝ այս իրավիճակը լուծելու համար»,- ասաց փաստաբանը:
Ներկայացուցիչը հանդիպման ընթացքում հրապարակեց նաև դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։
Ըստ Լուսինե Սահակյանի առկա է նաև դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերված հագուստի ու Պերմյակովի քրտինքները խմբային պատկանելիությամբ համընկնում են։
Ի մի բերելով առկա եզրակացությունները՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանն ընդգծեց, որ դատագենետիկական փորձաքննությունը շատ հարցերի կպատասխանի, այդ թվում՝ Պերմյակովից բացի այլ անձ եղել է Ավետիսյանների տանը, թե ոչ։
Ինչ վերաբերվում է Պերմյակովի հոգեկան առողջությանը, ապա փաստաբաններն այդ մասին տեղեկություններ չունեն, քանի որ այդ հարցը քննում է ռուսական կողմը։