«Նոր Զովք» սուպերմարկետների սեփականատիրոջ ձերբակալման վերաբերյալ մամուլում տարածված լուրերն ակնհայտ ապատեղեկատվություն են և վնասում են մեր երկրի օրինակելի բիզնեսներից մեկի բարի համբավն ու անունը:
Գործող բոլոր «Նոր Զովք» սուպերմարկետները 100 տոկոսով պատկանում են «Նոր Զովք» ընկերությանը, որն իր գործունեությունը սկսել է 2000 թվականից և այժմ ՀՀ խոշոր հարկատուներից է:
«Նոր Զովքն» իր գործունեությունը ծավալում է իր սեփական և վարձակալած տարածքներում և պատասխանատվություն չի կրում որևէ վարձակալած տարածքի սեփականատիրոջ հեռավոր կամ մերձավոր բարեկամների համար»:
Այսպիսի հայտարարություն է այսօր տարածել «Նոր Զովք» ընկերությունը կապված մամուլում տեղ գտած մի քանի հրապարակումների հետ:
Նշենք նաև, որ ըստ հրապարակումներից մեկի՝ մարտի 17-ին իրավապահները Ավան-Առինջից բերման են ենթարկել, իսկ ավելի ուշ ձերբակալել Կարեն Երեմյանին՝ մականունը Թիզ: Նրան են պատկանում Ավանում գտնվող «Միլենա» տաքսի ծառայությունը, ինչպես նաև՝ «Նոր զովք» սուպերմարկետները: