«Anahit Simօnyan Fashion» ատելյեի պաշտոնական բացմանը նվիրված գեղեցիկ և բարձրակարգ երեկույթին ներկա էին շոուբիզնեսյան բազմաթիվ աստղեր և այլ հայտնիներ: Yerevannews.am-ը զրուցեց ներկաներից մի քանիսի հետ Անահիտ Սիմոնյանի մասին, բայց այս անգամ որպես դիզայներ-մոդելավորողի:
«Նախ, շատ ուրախ օր է մեզ համար: Թվով երրորդ ատելյեյի բացումն է: Ես Անահիտին ուղղակի կցանկանամ կանաչ ճանապարհ, միջազգային ճանաչում և թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար շատ-շատ նոր գեղեցիկ հագուստների մտահղացումներ»,- գեղեցկուհի կնոջը և կոլեգային մաղթեց սիրված երգիչ Հայկոն` հավելելով, որ երկու տարի շարունակ՝ «Հայաստանի ձայնը» նախագծում ժյուրի լինելու ժամանակ, ամբողջովին Անահիտի կարած հագուստներն է կրել:
Իր շնորհավորանքը հղեց նաև երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը՝ կիսվելով իր ցանկությամբ.
«Անահիտին ցանկանում եմ բազմաթիվ հաճախորդներ եւ նորանոր հետաքրքիր մտքեր, որոնք ժամանակի ընթացքում կիրականացնի: Ես կրում եմ Անահիտի կարած հագուստներից և անչափ գոհ եմ: Անահիտին ամենալավ բաներն եմ մաղթում»:
«Սրտանց շնորհավորում եմ Անահիտին և Հայկոյին: Մաղթում եմ նրանց բազում-բազում նորանոր ձեռքերումներ: Շատ եմ հավանում Անահիտի աշխատանքները, ինքս էլ ունեմ նրա կարած հագուստներից և մեծ հաճույքով օգտագործում եմ»,- մաղթեց Մարտին Մկրտչյանը:
«Ես նույնպես շնորհավորում եմ Անահիտին և ուզում եմ, որ նրա աշխատանքները հաջողությամբ ցուցադրվեն ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանից դուրս: Չնայած երկար ժամանակ չէ, որ Անահիտն զբաղվում է այս գործով, բայց արդեն մեծ հաջողությունների էլ հասել Հայաստանում: Վերջերս իմ զգեստապահարանի մի մասը Անահիտի կարած շորերն են, և ես շատ գոհ եմ, քանի որ իսկապես շատ որակով շորեր են»,- Անուշիկ Ալավերդյանը:
Իր բարեմաղթանքները հղեց նաև երգիչ Էրիկը, ով փաստեց, որ մշտապես կրում է Անահիտ Սիմոնյանի մոդելավորած զգեստներից.
«Ես Անահիտ Սիմոնյանին առաջին հերթին սիրում եմ որպես հիանալի երգչուհի, երկրորդը՝ որպես ընկերոջս կին, երրորդը՝ որպես իմ ընկեր և չորրորդը` որպես տաղանդավոր դիզայներ: Ես ուզում եմ, որ նրա ատելյեները շատանան նաև Հայաստանից դուրս, շատանան նաև նրա հաճախորդները և ամենակարևորը լինեն ճաշակով հաճախորդներ, քանի որ Անահիտ Սիմոնյանի կարած հագուստները շատ ճաշակով են: Մշտապես օգտվել և շարունակելու եմ օգտվել Անահիտի կարած հագուստներից, որովհետև հրաշալի ոճով են կարված թե՛ առօրյա հագուստները և թե՛ բեմական»:
«Շատ ուրախ եմ այս հաջողության համար: Կարծում եմ` սա շատ մեծ ձեռքբերում է: Ուզում եմ, որ բոլոր ներկա գտնվողները հեռանան ուրախ սրտով և առավել գեղեցիկ: Իսկ Անահիտին ցանկանում եմ, որ ունենա լավ ընկերներ: Միշտ մեր կողքին լինի և իմանա, որ մենք էլ իր կողքին ենք»-, ամփոփեց գեղեցկուհի Քրիստինե Պեպելյանը:
Yerevannews.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին, բարեմաղթանքներին և ցանկանում Անահիտ Սիմոնյանին նորանոր ձեռքբերումներ և առաջխաղացում բոլոր ասպարեզներում: