Մարտի 22-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին ընդունեց Քուվեյթի վարչապետ, Նորին վսեմություն շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Համադ Ալ Սաբահը:

Դեսպան Չարչօղլյանը Քուվեյթի վարչապետին փոխանցեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև հանձնեց վերջինիս շնորհակալական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը: Շնորհակալությամբ ընդունելով ՀՀ վարչապետի հրավերը` վարչապետ Ալ Սաբահը հայտնեց առաջիկայում անպայման Հայաստան այցելելու իր պատրաստակամությունը:

Քուվեյթի վարչապետը գոհունակությամբ նշեց Հայաստանի և Քուվեյթի միջև ջերմ բարեկամական փոխգործակցության առկայությունը և կարևորեց ակտիվ փոխայցելությունների դերն այդ փոխգործակցության առավել խորացման և սերտացման գործում:

Վարչապետ Ալ Սաբահն ընդգծեց նաև ՀՀ վարչապետի այցի ընթացքում ձեռքբերված համաձայնությունների իրականացման կարևորությունը, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև բազում ոլորտներում համագործակցության ընդլայնման համար:
Երկուստեք ընդգծվեց երկու բարեկամական երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը և կարևորվեց բազում ուղղություններով համագործակցության առավել խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հետագա ջանքերի գործադրումը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային արդի խնդիրներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի: