Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ 2015 թվականի օգոստոսի 2-ից 13-ն անցկացվելիք խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Երևանի «Հրազդան» մարզադաշտում, փակման արարողությունը՝ Երևանի Ազատության հրապարակում՝ համերգային մեծ ծրագրով:
Համահայկական 6-րդ խաղերին ընդգրկվել է 17 մարզաձև՝ նախորդ խաղերի համեմատ 7-ով ավելի: Խաղերն անցկացվելու են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Արտաշատում, Էջմիածնում և Աբովյանում: Ներկա դրությամբ արտերկրից խաղերին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 հազար 691 մարզիկ-մարզուհի:
Ակնկալվում է, որ միայն արտերկրից մարզիկների թիվը կհասնի 5 հազարի: Նիստի ընթացքում խաղերի կազմակերպման վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Վարչապետ Աբրահամյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: